ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի իրավապահ մարմիններն այս պահին շարունակում են Գյումրիի ռուսական 102 ռազմակայանից անհետ կորած զինծառայող, ՌԴ քաղաքացի, 35-ամյա Դմիտրի Լոշմանովի որոնման աշխատանքները: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
«Ակտիվ որոնողական աշխատանքներ են իրականացվում, ՀՀ քննչական վարչությունում այդ կապակցությամբ նյութեր են նախապատրաստում: Այս պահի դրությամբ այլ տեղեկություն չեմ կարող ասել»,-նշեց Կարեն Գաբրիելյանը՝ հաստատելով, որ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն` պայմանագրային զինծառայող Լոշմանովը եղել է առանց զենք ու զինվորական համազգեստի:
«Մեր ունեցած` տվյալներով եղել է քաղաքացիական հագուստով, առանց զենքի: Իսկ այս ընթացքում նրան ինչ-որ մեկը տեսել է, թե ոչ, կամ վերջինիս գտնվելու վայրի մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ որոնողական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են»,-նշեց դատախազը։
Նա կոչ արեց գյումրեցիներին չանհանգստանալ:
«Անհանգստանալու պատճառ չեմ տեսնում՝ անձը դուրս է եկել տանից՝ առանց զենքի ու համազգեստի, ու այս պահի դրությամբ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չկա: Ամեն դեպքում անհանգստանալու պատճառ չկա»,- շեշտեց Գաբրիելյան:
Նշենք, որ այս պահին քաղաքում իրարանցում չկա:
3 օր առաջ Գյումրիի ռուսական 102 ռազմակայանից անհետ կորած զինծառայող, ՌԴ քաղաքացի 35-ամյա Դմիտրի Լոշմանովի անհետացման մասին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել ապրիլի 18-ին, ժամը 11.10-ին, թեև Լոշմանովը զորամասից գնումներ կատարելու նպատակով դուրս էր եկել դրանից 2 օր առաջ՝ ապրիլի 16-ին, ժամը 9.30-ի սահմաններում և չէր վերադարձել: Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ Լոշմանովը շուրջ 170 սմ հասակով, միջին կազմվածքով տղամարդ է: Հագին եղել է մոխրագույն մարզահագուստ, սև կիսաբաճկոն և սպորտային կոշիկներ։