ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Ռուսական կողմը որևէ խնդիր չունի դեպի Աբխազիայի տարածքով Հայաստան և Վրաստան բեռների տարանցումը վերականգնելու համար։ Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է Sputnik Աբխազիան։
Նրա խոսքով` նույնիսկ իրավական հիմք կա դրա համար. դրանք են «Ռուսաստանի Դաշնության և Առևտրի համաշխարհային կազմակերպության միջև 2011 թվականին ձեռք բերված համաձայնությունները»։
«Մենք գիտենք, որ մեր հայ գործընկերները շահագրգռված են տարանցումը վերականգնելու հարցում։ Այսօր Աբխազիայի նախագահն էլ ասաց, որ դեմ չէ։ Այդ պատճառով դա արդեն ոչ թե մեզնից է կախված, այլ` մյուս երկրներից, որտեղով իրականացվում է տարանցումը», — ավելացրել է նախարարը Աբխազիայի նախագահի հետ բանակցություններից հետո հրավիրված ասուլիսի ընթացքում ։
Նախագահ Ռաուլ Խաջիմբան իր հերթին ասել է, որ երթուղու բացումը դրական կանդրադառնա նաև երկրի տնտեսության վրա։
«Դա թույլ կտա լրացուցիչ միջոցներ ունենալ, չեմ կասկածում, որ գործընթացը կարող է լուծում ստանալ», — ընդգծել է Խաջիմբան։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 18-ին Աբխազիա է մեկնել աշխատանքային երկօրյա այցով։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ու Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան մասնակցել են Աբխազիայում Ռուսաստանի դեսպանատան նոր շենքի պաշտոնական բացման արարողությանը։