ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Ապրիլի 18-ին Մոսկվայում, Գրողների տան մեծ դահլիճում տեղի կունենա «Հիշում եմ և պահանջում» խորագրով ոգեկոչման երեկո, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: Այս մասին հայտնում ՀՀ սփյուռքի նախարարության կայքէջը:
Միջոցառումը «Դիալոգ» կազմակերպության (նախագահ` Յուրի Նավոյան), Մոսկվայի հայ ուսանողների ընկերակցության (նախագահ` Անդրանիկ Հովսեփյան) և «Հայաստանի խորհուրդները» միջազգային երաժշտական ծրագրի (ղեկավար` Միքայել Հայրապետյան) համատեղ ձեռնարկն է:
Ոգեկոչման երեկոյին կմասնակցեն ՌԴ Պետական Դումայի խմբակցությունների պատգամավորներ, դիվանագետներ, Ռուսաստանի ազգային համայնքների, հասարակական կազմակերպությունների, գործարար շրջանակների ներկայացուցիչներ և արվեստի գործիչներ: Միջոցառման գեղարվեստական մասում կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Այս ձեռնարկով ռուսաստանյան հասարակայնությունը իր հարգանքի տուրքն է մատուցում Հայոց ցեղասպանության անմեղ զահերի հիշատակին, զորակցություն հայտնում ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը, ինչպես նաև այդ միջազգային հանցագործության հետագա կանխարգելմանն ուղղված Հայաստանի և Ռուսաստանի միջազգային ջանքերին: