ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Դերասանուհի և երգչուհի Շերը, ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քորթնիի հետ, ներկա են եղել «Խոստում» ֆիլմի լոսանջելեսյան պրեմիերային, հայտնում է The People-ը։
Աստղային եռյակը կարմիր գորգի վրա հայտնվեց TCL կինոթատրոնում, ֆիլմի գլխավոր հերոս, դերասան Քրիստիան Բեյլի հետ։
«Ես այնքան եմ հպարտանում ֆիլմով։ Բոլորդ եկեք և կիմանաք, վերջապես, հայ ժողովրդի իրական պատմությունը»,- գրել է Քիմը Թվիթերի իր էջում։
«Խոստում» ֆիլմի պրոդյուսերները սկսել են #keepthepromise (պահիր խոստումը) արշավը, որի միջոցով ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլվեստր Ստալոնեն, երգչուհի Շերը, Բարբարա Սթրեյզանդը, դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն, Դին Քեյնը և Օուեն Ուիլսոնը:
«Խոստում» ֆիլմը ստեղծվել է ամերիկահայ միլիարդատեր Քրք Քըրքորյանի ֆինանսական աջակցությամբ։ Ֆիլմի հեղինակը «Ռուանդա» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն է, գլխավոր դերերում հանդես են եկել Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ լե Բոնը։ Գործողությունները զարգանում են Օսմանյան կայսրությունում՝ Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 21-ին։ Հայաստանում և Ռուսաստանում այն կցուցադրվի ապրիլի 27-ին։