ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հատուկ զեկույց կներկայացնի ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին աջակցելու համար կազմակերպված ակցիաների ժամանակ ցուցարարների և լրագրողների իրավունքների խախտման վերաբերյալ, ասաց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը` ներկայացնելով 2016 թվականի տարեկան զեկույցը։
«Հատուկ զեկույց է պատրաստվել հուլիսյան դեպքերի վերաբերյալ, որը չի հրապարակվել՝ հաշվի առնելով նախընտրական իրավիճակը, զեկույցում խիստ գնահատականներ են հնչում»,- ասաց Թաթոյանը։
Նրա խոսքով` զեկույցի առանձին գլուխները կառնչվեն ակցիայի խաղաղ մասնակիցների իրավունքները խախտած ոստիկանության աշխատակիցների գործողություններին տրված գնահատականներին։ Մեծ ուշադրություն է դարձվում հատուկ միջոցների կիրառմանը, քանի որ դրանք գործածվել են օրենքի խախտմամբ։
«Վերլուծվում են նաև լրագրողների դեմ կիրառված բռնության դեպքերը, որոնք խիստ քննադատվում են»,- ասաց Թաթոյանը։
Նրա խոսքով` չի կարելի քրեական գործ հարուցել լրագրողների նկատմամբ, երբ նրանք կատարում են իրենց մասնագիտական պարտքը։ Անթույլատրելի է նաև ակտիվիստների նկատմամբ կիրառվող բռնությունը, պետք էր անհապաղ քրեական գործ հարուցել։
Մյուս կողմից, առանձին ուշադրություն է հատկացվում զեկույցում նաև ատելության քարոզմանը, որը տարածում էին ակցիայի ժամանակ։
«Դրան էին նպաստում նաև ոստիկանության գործողությունները, սակայն սպանված ոստիկանի օրինակով ակնհայտ ատելության քարոզ էր տարվում, ինչն անթույլատրելի է»,- ասաց Թաթոյանը։
Օմբուդսմենն իր զեկույցում կանդրադառնա նաև այն հարցին, թե որքանով էր ճիշտ կայացրած որոշումը՝ կապված հուլիսի 29-ին Սարի թաղի նեղ փողոցներով մարդկանց նախապես գծված երթուղով տանելու հետ։
Հիշեցնենք, որ 31 հոգանոց զինված խումբը հուլիսի 17-ի առավոտյան ներխուժել էր ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք։ Հուլիսի 31-ի երեկոյան գնդի տարածքում գտնվողները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իշխանությանը։