ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զորակցություն է հայտնել Դորտմունդի «Բորուսիային», որի ակումբային ավտոբուսի մոտ նախօրեին ռումբ էր պայթել:
«Խորապես ցնցված եմ Դորտմունդում տեղի ունեցած պայթյունից, քաղաք, որն առանձնահատուկ տեղ ունի իմ սրտում: Ուզում եմ աջակցությունս հայտնել «Բորուսիային» ու երկրպագուներին և շուտափույթ ապաքինում մաղթել Մարկ Բարտրային»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը:
Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2016 ամռանը։ Ֆուտբոլիստը «Բորուսիայի» կազմում հանդես է եկել 3 տարի։
Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտից ոչ հեռու տեղի ունեցած միջադեպի պատճառով «Բորուսիայի» և «Մոնակոյի» միջև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը հետաձգվել է և կկայանա այսօր` ապրիլի 12-ին:
Ռումբի պայթյունի հետևանքով «Բորուսիայի» իսպանացի պաշտպան Մարկ Բարտրան տեղափոխվել էր հիվանդանոց, բժշկական օգնություն ստանալուց հետո դուրս գրվել հիվանդանոցից և տուն տեղափոխվել:
Գերմանական մամուլը հայտնում է, որ պայթյունից տուժել է նաև «Բորուսիայի» ավտոբուսն ուղեկցող ոստիկանը: