Իրանն ակտիվորեն ներկա է Սիրիական թատերաբեմում։ Ընդ որում` ներկա է ոչ միայն դիվանագիտական մակարդակով ու հեռահար հարվածներ հասցնելու առումով, այլ հենց մարտադաշտում։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր հերթին զգուշացրել է, որ Միացյալ Նահանգների հետագա ռազմական գործողությունները Սիրիայի կառավարութան դեմ կարող են «շատ վտանգավոր» լինել տարածաշրջանի համար: Ռոհանին քննադատել է ամերիկյան հարձակումները՝ կոչ անելով միջազգային հանրությանը հետաքննել այդ մահաբեր գործողությունները:
«Ակնհայտ է, որ Իրանը չի կարող անտարբեր մնալ նման բացահայտ ներխուժման նկատմամբ։ Սիրիայի հարցում իրանական պետության և ժողովրդի մոտեցումները միմյանցից չեն տարբերվում։ Նույնիսկ միջին վիճակագրական իրանցին չի կասկածում, որ Սիրիայում իրանական ներկայությունը բխում է երկրի շահերից»,- ասում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նրա խոսքով` Իրանը սահմանը պահում է միջազգային ահաբեկչության հնարավոր հարձակումներից։
«Իրանցիները, թերևս, Բաշար ալ Ասադի միակ հավատարիմ դաշնակիցներն են և իրենց ունեցած բոլոր հնարավորություններով օժանդակելու են երկրի օրինական իշխանությանը թե՛ դիվանագիտական մակարդակում և թե՛ դրանից դուրս այլ հարթություններում»,- վստահեցնում է Ոսկանյանը։