ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik, Գոհար Սարգսյան. 9 տարի անկողնուն գամված… Թվում էր, թե զինհաշմանդամ Արկադի Մկրտչյանն այլևս չի քայլի: Բայց հրաշքը կատարվեց, այլ բան է, որ մեկը դա անվանում է նախախնամություն, մյուսն էլ՝ բժշկական պրոֆեսիոնալիզմի արդյունք: Կարևորն այն է, որ Արկադիի կողքին ճիշտ տեղում հայտնվեցին ճիշտ մարդիկ: Առողջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այցելեց նրան, ևս 100 զինհաշմանդամի և կարգադրեց զբաղվել նրանց վերականգնողական բուժմամբ:
Այսօր Արկադին կինեզիոլոգների օգնությամբ քայլում է:
«Սեպտեմբերին ծնունդս է: Պիտի լավանամ, նստեմ մեքենաս, գնամ կինեզիոլոգներիս հետևից, տանեմ մեր տուն ու մի լավ քեֆ անենք»,- մեծ ոգևորությամբ ասաց Արկադին:
Նրա կողքին վերականգնողական վարժանքներ էր կատարում Դանիելը, որը վիրավորվել էր ապրիլյան պատերազմի ժամանակ, Մատաղիսում`ստանալով բեկորային վնասվածք։
![Կինեզիոլոգները զինհաշմանդամներին օգնում են վերականգնվել Կինեզիոլոգները զինհաշմանդամներին օգնում են վերականգնվել - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/697/88/6978898_0:0:1430:900_600x0_80_0_0_3456875082bba6a7c49d928104200af4.jpg)
![Կինեզիոլոգները զինհաշմանդամներին օգնում են վերականգնվել Կինեզիոլոգները զինհաշմանդամներին օգնում են վերականգնվել - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/697/88/6978839_0:0:1430:900_600x0_80_0_0_7588f35dee0fe92c411fbc34504f1ee9.jpg)
![Կինեզիոլոգները զինհաշմանդամներին օգնում են վերականգնվել Կինեզիոլոգները զինհաշմանդամներին օգնում են վերականգնվել - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/697/87/6978774_128:0:1559:900_600x0_80_0_0_8216d748f4833f26474fb60e72ca5882.jpg)
«Անօդաչու թռչող սարքը ֆիքսեց իմ տեղն ու արկն ուղարկեց ինձ վրա, բոլոր բեկորները լցվեցին մարմնիս մեջ։ Ձախակողմյան պարալիզացում է ինձ մոտ, թուլություն, աչքերի ձգվածություն, գանգուղեղային վնասվածք»,- պատմեց նա։
Հետաքրքիրն այն էր, որ Դանիելը նույնիսկ դժբախտության մասին խոսում էր ժպիտով ու առանց վիրավորանքի, առանց որևէ մեղավոր փնտրելու։ Խոստովանեց` ապրում է միայն մի մտքով, որ հնարավորինս շուտ ու անհետևանք ապաքինվի։
«Մեր կինեզիոլոգների աջակցությամբ անվասայլակից վեր կացա, հետո ձեռնափայտով քայլեցի, իսկ հիմա տեսնում եք արդյունքը։ Ամենամեծ բանն ինձնից է կախված, որ ոչնչի մասին չմտածեմ ու ապաքինվեմ։ Իսկ հուսալքության պահեր չեն եղել, որոշել եմ ապաքինվել ու այդպես էլ լինում է, արդեն առաջընթացի աստիճանները տեսնում եմ ու պիտի բարձրանամ»,- ասաց Դանիելը։
Այսօր նրանց իր թիմով այցելեց Հրաչյա Շալջյանը, որը սովորել է ԵՊԲՀ-ում, իսկ արդեն 20 տարի է` ապրում է Գերմանիայում։ Այնտեղ նրա հիմնած կլինիկան զբաղվում է վերականգնողական բուժմամբ։ Իր հայաստանյան գործընկերներին Շալջյանը ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիքներ կտրամադրի` հրավիրելով Գերմանիա։
«Հայաստանում կինեզոթերապիան նորածին վիճակում է, բայց այն, ինչ անում են տղաները, փառքի ու պատվի է արժանի»,- ասաց Շալջյանը։
Կինեզիոլոգներ Դավիթ Պարյանն ու Դավիթ Արսենյանը իրենց գործունեությունն ակտիվացրին հատկապես ապրիլյան պատերազմից հետո։ Վստահեցնում են` մասնագիտական պարտքին չի զիջում գաղափարական կողմը։ Սա էլ հայրենասիրության իրենց դրսևորումն է որպես անուղղակի զինվորներ։