ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոն ֆեյսբուքյան իր էջում գրել է «Խոստում» ֆիլմի կարևորության մասին:
«Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ Լե Բոնը՝ Թերի Ջորջի ղեկավարությամբ, անկրկնելի խաղ են ցուցադրել «Խոստում» ֆիլմում: Ողջունում եմ ամբողջ թիմին՝ լեգենդար պրոդյուսեր Մայք Մեդովոյի գլխավորությամբ, որի տաղանդն ու նվիրվածությունը կյանքի կոչեցին այս կարևոր նախագիծը»,- գրել է Դի Կապրիոն:
«Խոստում» ֆիլմը ստեղծվել է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի ֆինանսական աջակցությամբ։ Ֆիլմի հեղինակը «Հյուրանոց «Ռուանդա»» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն է, գլխավոր դերերում հանդես են եկել Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ լե Բոնը։
Գործողությունները զարգանում են Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 21-ին։ Ֆիլմի մասին հիացմունքով են խոսել համաշխարհային ճանաչում ունեցող երգիչներ ու դերասաններ, մասնավորապես` Շերը, Էլթոն Ջոնը, Բարբարա Սթրեյզանդը, Սերժ Թանկյանը և այլն։ Լեգենդար դերասան Սիլվեստր Ստալոնեն ֆիլմի մասին գրել է Instagran-ում՝ նշելով, որ ֆիլմն ունի անհրաժեշտ բոլոր հատկանիշները «Օսկար» ստանալու համար։