ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Հայաստանում խորհրդարանական ընտրությունները անցկացվեցին բարձր մակարդակով, հինգշաբթի Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի ջավախահայերի միության նախագահ Աղասի Արաբյանը։
«Քվեարկության օրը եղել եմ Երևանի ծայրամասերում։ Պետք է ասել, որ ընտրությունները լավ էին կազմակերպված։ Ես չէի սպասում, որ քաղաքացիները նման ակտիվություն կդսևորեն»,- ասաց նա։
Մյուս կողմից, Արաբյանը նշեց, որ որոշ ընտրատարածքներում հերթեր էին գոյացել, և ոմանք ընտրատարածքներից հեռանում էին առանց քվեարկելու։
«Բացի այդ, մարդիկ բավականաչափ տեղեկություններ չունեին քվեարկելու կարգի մասին», — ասաց Արաբյանը։
Նրա խոսքով` բուն ընտրություններն ընդհանուր առմամբ թափանցիկ էին։ Դրանք շատ ավելի լավ էին ընթանում, քան քարոզարշավները Աբխազիայում ու Մերձդնեստրում, որտեղ Արաբյանը նույնպես դիտորդ է եղել։
Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելուց հետո ապրիլի 2-ին Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական առաջին ընտրությունները։ Հայաստանը փաստացի անցավ կառավարման խորհրդարանական ձևի։ Քվեարկությանը մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,93%-ը (կամ 1 573 323 մարդ)։ Ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ 2 588 590 ընտրող։
Ըստ ԿԸՀ-ի նախնական տվյալների՝ իշխող Հանրապետական կուսակցությունը ստացավ 49,12% (771 247 քվե), «Ծառուկյան» դաշինքը ՝ 27,32% (428 965), ՀՅԴ-ն՝ 6,57% (103 173), «Ելք» դաշինքը՝ 7,77% (122 049), «Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ 3,71% (58 277), «Օհանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքը՝ 2,7% (32 504), «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ՝ 1,65% (25 975), «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ 0,94% (14 746), Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 0,75% (11 745 քվե)։