ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Արցախի իշխանությունների և ԵԱՀԿ առաքելության նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` վաղը՝ ապրիլի 5-ին, ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Կարախանբեյլիի մոտակայքում պլանային դիտարկում կանցկացնի։ Հայտնում է ԱՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունը:
Ըստ նույն աղբյուրի` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխաիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան և ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ, փոխգնդապետ Պատրիկ Ֆարելին:
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
Վերջին դիտարկումը ԵԱՀԿ-ն անցկացրել էր մարտի 15-ին, Մարտակերտի շրջանի ուղղությամբ՝ Թալիշից դեպի հյուսիս-արևմուտք։