ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. 03.04.2017թ. ժամը 00.30-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից քվեարկության ողջ օրվա ընթացքում ուսումնասիրված զանգվածային լրատվամիջոցների շուրջ 2000 հրապարակումների ճնշող մեծամասնությունը վերաբերվել են քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի խնդիրներին՝ քվեարկության սենյակների կահավորմանը, տեխնիկական սարքավորումների գործարկմանը, տեղամասերում հերթերի, կուտակումների առաջացմանը, տեսանկարահանող սարքերի խափանմանը, տեղամասային հանձնաժողովների աշխատակարգային խախտումներին կամ անորոշ ձևակերպումներ են պարունակել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Զուտ իրենց բովանդակային նկարագրությամբ հիշյալ հրապարակումներից 392-ն են առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակել:
Նշված 392 հաղորդումներից 121-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 115-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, 77-ը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը, 63-ը՝ ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, հանձնաժողովի աշխատանքային գործունեության խոչնդոտման, 15-ը՝ ընտրակաշառք տալու, 1-ը՝ ընտրողների ցուցակի կազմման կարգը խախտելու դեպքերին:
Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված հրապարակումների իրական հանգամանքները պարզելու, սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու նպատակով:
6 դեպքերով՝ կրկնակի քվեարկության փորձի փաստով արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր, 1 գործով կասկածյալը ձերբակալվել է:
Ստուգողական գործողությունների արդյունքում առանձին հրապարակումներ արդեն իսկ հերքվել են, որոնց վերաբերյալ տեղեկությունները անհատապես կհրապարակվեն: Քննության արդյունքների մասին պարբերաբար տեղեկատվություն կհրապարակվի:
Իսկ ՀՀ Ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն` ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը, ժամը 20-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 176 հաղորդում, որոնցից 32-ը ուղարկվել է
նախաքննության, 23-ը՝ ստուգմամբ չի հիմնավորվել, 121-ը գտնվում է նյութերի նախապատրաստման և ստուգման փուլում, որոնց ընթացքի վերաբերյալ առաջիկայում լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի: