Արմենուհի Մխոյան, Sputnik.
Ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ Գյումրիում ընտրական ակտիվությունը բավական մեծ էր՝ շատերն այնքան պարտաճանաչ էին, որ «ընտրատեղամասերի դռները որոշել էին իրենք բացել»: Մեր այցելած տեղամասերից շատերում առաջին ընտրողները հենց ժամը 8:00-ին էին մուտք գործել ընտրատեղամաս: Մի շարք տեղամասերում էլ վստահեցրին՝ «ընտրողներն այնքան էին շտապում, որ դեռ 8-ը չկար թակում էին տեղամասի պատուհանները՝ թե բացեք, որ ընտրական պարտքներս կատարենք»:
Թիվ 31/29 ընտրատարածքի նախագահ Սիլվա Հովհաննիսյանը փաստեց՝ «հավանաբար եղանակն է բարենպաստ, արև է, մարդիկ էլ ուրախ-ուրախ եկել են»:
Նույն թաղամասում գտնվող մեկ այլ՝ 31/30 ընտրատարածքից փաստեցին՝ «խոպանի սեզոնը դեռ չի բացվել, մարդիկ իրանց գործ են գտել»:
Տարօրինակ է, բայց ամենաակտիվը տարեցներն էին, ովքեր հիմնականում տեղամաս էին գալիս աղջկա, որդու, կամ էլ հարսի ուղեկցությամբ: Ու զարմանալի չէ, որ նոր ընտրական կարգն առաջինը հենց իրենց «սրտով չէր»: «Աղջիկ ջան էս սարքը մեկ պասպոռտս չուզեց, հմի էլ մատներս, հմի ես օր էս ընտրությունը չուզեմ, լավ կեղնի՞»,- բողոքեց մի տարեց կին տեղամասերից մեկում: Մյուս տեղամասում էլ մի պապիկ քվեախցիկում որոշեց բարձրաձայնել՝ «հմի ես սքան թուղթն ի՞նչ էնեմ»:
Մի ուրիշ գյումրեցի էլ կատակեց. «Առաջին անգամ է, որ ընտրողները ընտրացուցակում եղածներից շատ էին»:
Հումորից բաժին հասավ նաև ընտրակաշառքին՝ «Գյումրիում էսօր 10 հազարանոցի մանր ունեցող չկա»: