ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը քվեարկել է «հանուն նրա, որ Հայաստանը ելք գտնի հուսահատության փոսից»: Այս մասին նա լրագրողներին ասաց Երևանի 8/16 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարելուց հետո:
Հարցին, թե ինչպես է գնահատում «Ելքի» հնարավորությունները, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Բարձր»:
Անդրադառնալով քվեարկության ընթացքում գրանցված խախտումերին` Փաշինյանն ասաց, որ դաշինքի վստահված անձինք եղել են տեղամասերից մեկում, որտեղ արձանագրել են քվեախցիկների վերևում տեսախցիկների առկայության դեպքեր: Միջամտությունից հետո դրանք, ըստ Փաշինյանի, հանվել են:
«Մարդիկ կան` պահանջում են, որ լուսանկարեն քվեաթերթիկները,- ասաց Փաշինյանը՝ հավելելով,- սրանք ահազանգեր են, ստուգման փուլում են, ես կոնկրետ հայտարարություն չեմ կարող անել»:
Հետընտրական հնարավոր զարգացումների մասին ևս Նիկոլ Փաշինյանը միանշանակ հայտարարություն չարեց:
«Եթե մեր ձայնը գողացվել է, դա հետընտրական պրոցես է, եթե չի գողացվել՝ ոչ»,- ասաց նա: Իսկ հասկանալու համար` քվեները գողացվել են, թե ոչ, ըստ Փաշինյանի, նախ պետք է փաստեր հավաքել և հետևություններ անել: