ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Շիրակի մարզպետի ու Գյումրու քաղաքապետի ուղեկցությամբ ապրիլի 2-ին այցելեց «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների» պանթեոն՝ հարգանքի և երախտագիտության տուրք մատուցելու ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում և Արցախյան ազատամարտում Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին:
«Մենք ոգեկոչում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը դրեցին մեր երկրի ազատ ու անվտանգ հիմքը դնելու՝ Արցախյան ազատամարտում, ապա նաև ապրիլյան քառօրյայի օրերին: Դա մեր ողջ ժողովրդի ոգեկոչումն է»,- ասաց նախարարը:
Սարգսյանի խոսքով` տղաներին այսօր հիշում է ամբողջ ժողովուրդը:
«Ապրիլի ամենամեծ դասը եղավ մեր միասնականությունը, մեր ժողովրդի, մեր ողջ հասարակության համախմբվածությունը, մեր կամավորականների՝ մեր զինված ուժերի կողքին կանգնելու դրսևորումը, սփյուռքի մեր եղբայրների ու քույրերի անվերապահ աջակցությունը, մեր երիտասարդության ինքնաբուխ ու շատ ազդեցիկ արձագանքը: Մենք ապրիլին դարձանք ավելի ուժեղ, որովհետև ապրիլին մենք հիշեցինք միասնական լինելու խորհուրդը»,-լրագրողներին նշեց Վիգեն Սարգսյանը:
«Ազատամարտիկների» պանթեոնում ամփոփված են ինչպես արցախյան, այնպես էլ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված հերոսների աճյունները:
Գերեզմանատանը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ հոգեհանգստի կարգ մատուցվեց: Ավելի ուշ նախարարը եղավ նաև Գյումրիում անցած տարվա սեպտեմբերին բացված «Ապրիլյան հերոսների անվան» փողոցում, ծաղկեպսակ դրեց հուշաքարին և մեկ րոպե լռությամբ հարգեց նրանց հիշատակը: