ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Sky Sports-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է բարդություններ հաղթահարել անգլիական ակումբում:
«Մեր կյանքն առանց դժվարությունների ոչինչ չարժե։ Յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա հաղթահարել բարդությունները, դա նաև ինձ է վերաբերում։ Բայց ինձ դժվար չէր դրանք հաղթահարել, որովհետև ես գիտեի, որ վաղ թե ուշ կստանամ իմ հնավորությունը և կօգտագործեմ այն»,- ասել է նա։
Ֆուտբոլիստի խոսքով՝ լինում են դեպքեր, երբ մարդն ավելի դժվար խնդիրների է հանդիպում, և նա պետք է դրան պատրաստ լինի։
«Ես սպասում էի այդ հնարավորությանը։ Ես աշխատում էի, աշխատում էի քրտնաջան, սպասում էի իմ հնարավորությանը, ստացա այն և օգտագործեցի», — մեջբերում է Մխիթարյանի խոսքը Sky Sports-ը։
Մինչև 2016 թվականի դեկտեմբերը 28-ամյա ֆուտբոլիստը միայն մեկ անգամ է խաղադաշտ դուրս եկել «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում Պրեմիեր լիգայի ժամանակ։
Հիմա նրա հաշվին արդեն կա երեք գոլ և մեկ գոլային փոխանցում առաջնության խաղերից 15-ում։ Նա նաև երեք գոլ է խփել Եվրոպայի լիգայի վեց խաղում և մեկ գոլ Անգլիայի գավաթի խաղում, գրում է «Սովետական սպորտը»։
Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2016-ի ամռանը: Մինչ այդ նա խաղում էր Դորտմունդի «Բորուսիայում», որի կազմում էր ընդգրկվել 2013 թվականին: Հայ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ քառամյա պայմանագիր է կնքել՝ 3 տարի երկարացման հնարավորությամբ։ Կիսապաշտպանի տրանֆերի համար ակումբը վճարել է 42 միլիոն եվրո։