ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Նորին Սրբությունը ծանուցեց Պատրիարքական տեղապահի ընտրությունն օրհնելու վերաբերյալ կայացված որոշման մասին, ինչը ողջունվեց Գերագույն հոգևոր խորհրդի անդամների կողմից: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
«Ամենայն Հայոց Կաթողիկոսը, անդրադարձ կատարելով ստեղծված իրավիճակին, ժողովականներին տեղեկացրեց նաև Պատրիարքության Եկեղեցական համագումար ժողովի ատենապետ Տ. Եղիշե վարդապետ Ուչքունյանի և ատենադպիր Տ. Տրդատ քահանա Ուզունյանի կողմից մարտի 24-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածին առաքված գրության մասին, որով Ամենայն Հայոց Հայրապետին պաշտոնապես տեղեկացվել է մարտի 15-ին Պատրիարքարանում տեղի ունեցած ժողովի արդյունքում Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի` Պատրիարքական տեղապահի պաշտոնում ընտրվելու վերաբերյալ:
Նույն օրը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ հղեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության Եկեղեցական համագումար ժողովի դիվանին:
«Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության ընտրյալ տեղապահին, հոգևոր ողջ դասին և պոլսահայ հավատավոր մեր բոլոր զավակներին:
Մեր հորդորն ենք բերում ձեզ` խոհեմությամբ ու սիրո ոգով հաղթահարել առկա խնդիրներն ու խոչընդոտները և եկեղեցական կարգաց ու կանոնաց համաձայն գտնել բարվոք լուծումներ Պատրիարքական ընտրությունը իրականացնելու՝ ի նպաստ պոլսահայության կյանքում խաղաղության ու համերաշխության վերահաստատման», — պատգամել է Վեհափառ Հայրապետը` Ամենողորմ Տիրոջ զորակցությունն ու հովանին հայցելով Կ. Պոլսո Աթոռի ուխտապահ եկեղեցականաց հոգևոր իրենց ծառայության մեջ։