ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Երևանի կենտրոնում գազի անջատումը վթարի հետ կապ չունի, պլանային աշխատանքներ են տարվում, պարզաբանեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Մարտի 30-ի առավոտյան Երևանի կենտրոնի մի շարք հատվածներում գազամատակարարումը դադարեցվել էր։ Խոսակցություններ պտտվեցին, որ վթար է եղել։
«Անհանգստանալու պատճառ չկա, ընկերության կայքում տեղեկատվության բաժին կա սպառողների համար, հենց այնտեղ կարելի է գտնել պլանային աշխատանքների մասին բոլոր հայտարարությունները»,- նշեց ընկերության ներկայացուցիչը։
Ծառայության աշխատակիցների տվյալով` գազամատակարարումը դադարեցվել է Մաշտոցի պողոտայի և հարակից փողոցների (Պուշկին, Սարյան, Իսրայելյան, Պարոնյան և այլն) տներում առավոտյան ժամը 9-ին։ Գազամատակարարումը կվերականգնվի ժամը 19:00-ին։
«Աշխատանքներ են իրականացվում, և հնարավոր է` մատակարարումն ավելի շուտ վերականգնվի։ Աշխատողներն իրենք կզգուշացնեն բնակիչներին», — ավելացրեց մամուլի ծառայության ներկայացուցիչը` նշելով, որ իրենց աշխատակիցները կշրջեն տներով և կտեղեկացնեն բնակիչներին։
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում նշեցին նաև, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) համապատասխան որոշման համաձայն` ընկերությունը ջեռուցման սեզոնից անմիջապես հետո` մարտի 15-ից նոյեմբերի 1 ընկած ժամանակահատվածում պլանային աշխատանքներ կատարելու իրավունք ունի։ Դա գազամատակարարման և գազի օգտագործման պարտադիր կանոններից է։
