ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարևոր գծերից է, խոստովանել է լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրը «Частный корреспондент» պարբերականին տված հարցազրույցում։
«Ես չեմ հավատում ոգեշնչմանը, հավատում եմ քրտնաջան աշխատանքին։ Ես վարպետի պես աշխատում եմ յուրաքանչյուր բառիս վրա` հղկում յուրաքանչյուր արտահայտություն։ Եթե պետք է օրեր, շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ անցկացնել` ճիշտ արտահայտությունը գտնելու համար, ես համառորեն անում եմ դա», — ասել է Ազնավուրը։ Մաեստրոն խոստովանել է, որ չի վախենում ռիսկի գնալ և ամեն անգամ ինքն իրեն մարտահրավեր է նետում։
«92 տարեկանում բեմ բարձրանալով` ամեն անգամ ռիսկի եմ դիմում, լիարժեք համերգ անցկացնելու համար առանց ընդմիջման և մի կում ջրի աշխատում եմ։ Չհաշված` երկարատև թռիչքներն աշխարհի տարբեր ուղություններով։ Ես մինչ օրս մարտահրավեր եմ նետում ինձ», — ասել է Ազնավուրն` ավելացնելով, որ նա ծրագրում է այցելել այն երկրները, որտեղ բախտ չի վիճակվել հանդես գալ մինչ օրս, օրինակ` Չինաստան կամ Հարավային Կորեա։
Հայտնի շանսոնիեն պատմել է նաև Ցեղասպանությունից փրկված իր ընտանիքի պատմությունը։ «Ծնողներիս ճակատագիրը, նրանց վարքը մեզ համար օրինակ ծառայեցին։ Նրանք հաճախ էին հիշում Կոստանդնուպոլսից փախչելու ժամանակ իրենց մահից փրկած իտալացի կապիտանի համարձակությունն ու բարությունը։ Նրանք արդեն նավի վրա էին, երբ թուրք զինվորներից մեկը լսեց հայկական խոսքն ու վազեց նրանց հետևից։ Սակայն նավի կապիտանը պաշտպանեց ծնողներիս», — նշեց Ազնավուրը։ Նրա խոսքով` ընտանիքում միշտ ջերմ հարաբերություններ են եղել։ Հենց այդ պատճառով էլ «ինձ համար կարևոր է մեր պատմությունը, արմատները»։ Ապրիլի 5-ին Շառլ Ազնավուրը համերգ կունենա Կրեմլում։