ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայտնի ռուս երաժիշտ Լեոնիդ Ագուտինը վաղ առավոտյան ժամանեց Երևան. այստեղ նա մեծ համերգ կտա Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:
Համերգից առաջ երաժիշտի տրամադրությունը բարձր է: «Հայ հանդիսատեսին սպասում են հիանալի պահեր, լավ կլինի, ես դրական արձագանք եմ ակնկալում և հուսով եմ, որ մենք կհասկանանք միմյանց: Համենայն դեպս, միշտ այդպես է եղել», — ասաց երաժիշտը՝ խոստովանելով, որ վաղուց ելույթ չի ունեցել հայ հանդսատեսի համար: Խոսելով հայկական երաժշտության իր ընկալման մասին՝ Ագուտինը նշեց հայ երաժիշտների տաղանդը:
«Հարցը միայն հայկական երաժշտության մեջ չէ, այլ հայ երաժիշտների տաղանդի, որոնք տարբեր, նաև այլ ազգերի երաժշտություն են կատարում: Դա ոչ միայն ազգային, այլ նաև համաշխարհային երաժշտություն է: Հայաստանում բազմաթիվ տաղանդավոր երաժիշտներ ծնվում են ջազային զգացողությամբ: Փոփում նույնպես տարբեր ուղղություններ կան, բայց ես ավելի շատ «ջազային կախվածություն ունեմ»», — ասաց նա՝ հավելելով, որ նա շատ հայ երաժիշտների գիտի, որոնց հետ հաճույքով է ընդհանուր լեզու գտնում:
Sputnik Արմենիայի թղթակիցը հետաքրքրվեց, թե ինչն է կապում երաժիշտին Հայաստանի հետ:
«Արյունակցական ոչ մի կապ, միայն՝ երաժշտական: Հայերը չափազանց զգացմունքային են և տաղանդավոր՝ արվեստի տարբեր ոլորտներում: Այն ոլորտներում, որոնք ինձ հետաքրքրում են կյանքում՝ թատրոն, ռեժիսուրա, սցենար և, իհարկե, երաժշտություն», — ասաց Ագուտինը:
Նրա խոսքով՝ հայերի տաղանդը բազմաշերտ է, հայերն այնպիսի բնատուր հնարավորություններ ունեն, որոնց կարելի է միայն նախանձել:
Լեոնիդ Ագուտինի և նրա «Էսպերանտո» խմբի համերգը կկայանա մարտի 26-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում: Համերգի կազմակերպիչներն են Mezzo Production և Prime Concert ընկերությունները: