ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել անվանի գործչի հիշատակին:Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:
Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951թ.-ի հունիսի 12-ին, Երևանում: Նա հասարակական-քաղաքական գործիչ էր, ՀՀ վարչապետը 2000-2007 թվականներին, նաև ՀՀԿ նախագահն էր։
1967-1972 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում, ստացել հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում։
Անդրանիկ Մարգարյանը ակտիվ հասարակական գործունեություն սկսել է ծավալել դեռևս խորհրդային տարիներից՝ 1965 թվականից։ 1968 թվականից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973 թվականից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։
1992 թ. անկախ Հայաստանում դառնում է երկրի առաջին գրանցված կուսակցության անդամ, որի խորհրդի նախագահն էր 1993 թվականից մինչև իր մահը։
1995 թ-ին նա արդեն ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր էր, 1999 թվականին դարձյալ ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցության ղեկավարը: 2000-2007 թվականներին Մարգարյանին վստահվել էր ՀՀ վարչապետի պաշտոնը։
2003 թվականին ԱԺ ընտրություններից հետո վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շարունակել է պաշտոնավարել՝ ղեկավարելով ընտրությունների արդյունքում ձևավորած կոալիցիոն կառավարությունը։
1998 թվականից Անդրանիկ Մարգարյանը Երկրապահ կամավորական միության անդամ էր, այնուհետև՝ ԵԿՄ վարչության անդամ։
Անդրանիկ Մարգարյանը մահացել է 2007 թ.-ի մարտի 25-ին: