ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. ՌԴ պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովի մարդասպանը 28-ամյա Պավել Պարշովն է։ Այս մասին հայտնում է ուկրաինական «Обозреватель»-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։
Վորոնենկովը սպանվել է Կիևի կենտրոնում գտնվող «Պրեմիեր Պալաս» հյուրանոցի մոտակայքում մարտի 23-ին։ Նրա թիկնապահը վիրավորել է մարդասպանին, որն այնուհետև մահացել է հիվանդանոցում։
Պարբերականի տվյալների համաձայն` Պարշովը հետախուզվում էր 2011 թվականից։ Նրա մոտ հայտնաբերվել էր Ուկրաինայի ազգային գվարդիայի կողմից տրված վկայական այն մասին, որ նա մարտական գործողությունների մասնակից է։
Ուկրաինայի խորհրդարանական և ՆԳՆ արտահաստիքային խորհրդատու Անտոն Գերաշենկոն հաստատել է, որ մարդասպանը ծառայել է Ազգային գվարդիայում։
ՌԴ Կոմկուսից պետդումայի նախկին պատգամավոր Վորոնենկովը կնոջ` օպերային երգչուհի Մարիա Մակսակովայի հետ Կիև էր տեղափոխվել, Ուկրաինայի քաղաքացիություն էր ստացել, հետագայում ուկրաինացի դատախազներին Յանուկովիչի գործով ցուցմունք էր տվել։