ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Տարեցտարի Հայաստանն ավելի մեծ պահանջարկ է վայելում ճանապարհորդների շրջանում։ Տուր-օպերատորներն առաջարկում են մայիսյան տոներն անցկացնել հենց Հայաստանում։
Հայաստանն ունի անկրկնելի խոհանոց, գեղատեսիլ վայրեր և հիանալի գինի, գրում է Euromag ամսագիրը։ Այս տարի Երևանում մայիսի 5-ին և 6-ին առաջին անգամ կանցկացվի «Գինու օրեր» փառատոնը։ Քաղաքի կենտրոնը կվերածվի մի հսկայական հարթակի, որտեղ կլինեն համերգներ` հայտնի կատարողների մասնակցությամբ, կանցկացվեն վարպետության դասեր և, իհարկե, հայկական գինու համտես։
«Առավել հաճախ Հայաստանի հետ ասոցացվում է մուգ կանաչ շշի մեջ լցրած հայտնի հինգաստղանի հայկական կոնյակը։ Ընդ որում, քչերը գիտեն, որ Հայաստանն, առաջին հերթին, գինեգործության հազարամյա պատմություն ունեցող երկիր է։ Այստեղ` Հայաստանում, Արենիի քարանձավում հայտնաբերվել էր աշխարհի հնագույն գինեգործարաններից մեկը։ Հայաստանը հայտնի է ոչ միայն կարմիր և սպիտակ, այլև վարդագույն գինիներով։ Այսօր Հայաստանի գինին թրենդային է», — գրում է պարբերականը։
Այս գարնանը Երևանում կներկայացվեն հայկական գինու լավագույն նմուշները։
Երկու օր քաղաքի կենտրոնում կլցվի տեղական արտադրանքով և երևանյան լավագույն ռեստորատորների ուտեստների հատուկ առաջարկներով։
Փառատոնը կազմակերպել է «Արենի Փառատոն» հիմնադրամը` խոհարարական քննադատ Աննա Մազմանյանի և Երևանի քաղաքապետարանի աջակցմամբ։ Փառատոնի երաժշտական մասը կապահովեն հայտնի հայ ջազմեններ, փոփ-երաժիշտներ և դիջեյներ։