ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Մեղրիի սահմանապահ ջոկատի զինծառայողները «Մեղրի» մաքսային կետի աշխատակիցների հետ համատեղ ձերբակալել են մի տղամարդու, որը փորձել է հայ-իրանական սահմանով թմրանյութ տեղափոխել։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ (Անվտանգության դաշնային ծառայություն) Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:
2017 թ. մարտի 22-ի լույս 23-ի գիշերը «Ագարակ» (Սյունիքի մարզ) անցակետում Երևան-Թեհրան ավտոբուսի ուղևորների սահմանային հսկողության ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին անհանգստության նշաններ է ցուցադրել:
Տեղեկությունը փոխանցվել է մաքսային կետի աշխատակիցներին, որոնք քաղաքացու անհատական զննում են անցկացրել և բաճկոնի ներսի շերտում հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ` բուսական ծագում ունեցող նյութով (հավանաբար օփիում), որն ավելի քան 10 գրամ է կշռել:
2016թ. Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները, Հայաստանի Հանրապետության Մաքսային ծառայության աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել և կանխել են ընդհանուր առմամբ ավելի քան 5,5 կգ թմրամիջոցների մուտքը Հայաստան: