ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Հենրիխ Մխիթարյանը մեկ առ մեկ անցել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր այն երեխաների հիվանդասենյակներով, որոնք գտնվում էին անկողնային վիճակում, զրուցել և լուսանկարվել նրանց հետ, ֆուտբոլային գնդակներ, մարզաշապիկներ և իր ինքնագրով նկարներ նվիրել նրանց:
Այնուհետև Հենրիխ Մխիթարյանն այցելել է կենտրոնի խաղասրահ, որտեղ հավաքվել էին տասնյակ երեխաներ: Նա կլոր սեղանի շուրջ զրուցել, խաղացել և լուսանկարվել նրանցից յուրաքանչյուրի հետ, նրանց նույնպես հանձնել նվերներ, իսկ երեխաները Մխիթարյանին նվիրել են իրենց պատրաստած պաստառը և նրա համար կատարել իրենց իսկ մշակած երգը:
Մխիթարյանը հույս է հայտնել, որ իր այցով կկարողանա փոքրիկ ներդրում ունենալ երեխաների հոգեբանական վիճակի բարելավման և ապաքինման հարցում:
«Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»:
Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, որի բարձր հովանու ներքո էլ արդիականացվել է Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը։
Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում նկարներ է հրապարակել և գրել.
«Երեխայի ժպիտը կարող է լուսավորել ամբողջ աշխարհը։ Ես շնորհակալ եմ արյունաբանական կենտրոնում այդ փոքրիկ հերոսների հետ շփվելու հնարավորության համար։ Շնորհակալ եմ նվերների համար։ Ուժեք եղեք»։