ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Ռուսական «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանի կարիերան Հայաստանի հավաքականում սկսվել է Ղազախստանի հավաքականի հետ խաղից։ Այդ մասին նա պատմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին տված հարցազրույցում։
«Այդ ժամանակ շատ երիտասարդ էի՝ ընդամենը 17 տարեկան, և շատ բաներ արդեն ջնջվել են հիշողությունիցս, բայց որոշ դրվագներ, իհարկե, հիշում եմ: Մինչ այդ խաղացել էի բոլոր տարիքային հավաքականներում, բայց ազգային հավաքականում խաղալն այլ պատասխանատվություն էր ու նաև մեծ պատիվ: Բավականին հետաքրքիր խաղ էր, որն ավարտվեց 3:3 հաշվով»,- ասել է Մանուչարյանը։
Նա նշել է, որ միշտ շատ մեծ ուրախությամբ է գալիս հավաքական:
«Կարոտել եմ խաղընկերներիս և այն մթնոլորտը, որ տիրում է հավաքականի խաղերի ժամանակ»,- խոստովանել է ֆուտբոլիստը:
Ինչ վերաբերում է գալիք խաղից սպասումներին, Մանուչարյանը նշել է, որ թիմը պարտավոր է շարունակել այն, ինչ սկսել է Չեռնոգորիայի հետ խաղի ժամանակ։
«Չեռնոգորիայի հետ խաղում տղաներն իսկական հրաշք գործեցին՝ խաղի վերջին վայրկյաններին կորզելով հաղթանակը: Որքան էլ Ղազախստանի հավաքականը բավականին ուժեղ թիմ է, եթե մենք ցանկանում ենք դուրս գալ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, մենք պարտավոր ենք հաղթել և կրկին ուրախացնել մեր երկրպագուներին», — ասել է Մանուչարյանը։
Հայաստան-Ղազախստան ընտրական խաղը տեղի կունենա մարտի 26-ին Երևանում` Հանրապետական մարզադաշտում։