Արարատյան արտեզյան ավազանի ջրի մակարդակը, ըստ տարբեր գնահատականների, նվազել է 30-45 տոկոսով։ Արդեն 3-4 տարի է, որ կառավարությունը համապատասխան որոշում է կայացրել` Արարատյան արտեզյան ավազանը փրկելու համար։ Գործի է անցել բնապահպանության նախարարությունը, որը փորձել է հասկանալ, թե որ աղբյուրներն են օրինական, որոնք` անօրինական։ Անօրինական աղբյուրները, որոնք բացվել են առանց պետությանը տեղյակ պահելու, պիտի ապամոնտաժվեն։
Համապատասխան ուսումնասիրություն կամ վերլուծություններ չկան այն մասին, որ անհատը եկել, խնդրել է կամ վճարումների դեպքում հորատելու և ընդերքից ջուր վերցնելու արտոնագիր է ստացել։
«Եղել են դեպքեր, որ ձկնաբույծին մեկ վայրկյանում, օրինակ, պետք է մեկ լիտր, նա ըստ լիցենզիայի մինչև 10 լիտր է ստացել։ Պարզ է դառնում, որ նա 10 լիտրը վերցնում է ընդերքից, 1 լիտրը օգտագործում է, մնացած ջուրը ավելցուկ է։ Նա պետք է դրենաժային համակարգով ուղղորդեր դեպի Արաքս գետ, իսկ այդ գետը ջրերը տանում է դեպի Կասպից ծով»,- ասում է Նանյանը։
Ըստ նրա` այդ ամենի պատճառով մենք խնդիր ունենք։ Արարատյան ջրավազանը խմելու ջրի աղբյուր է, և Երևան քաղաքի բնակչության 40 տոկոսը հենց Արարատյան ջրավազանից է օգտվում
«Արդյունքում մենք ունեինք ջրի պակասորդ` ոչ միայն խմելու առումով, այլ նաև` ջրահավաքման»,- նշում է Նանյանը։