ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. «Եվրատեսիլ» երգի մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հանդես է եկել նոր նախաձեռնությամբ։ Նա «Եվրատեսիլի» այս տարվա մասնակիցներին առաջարկել է հայկական ազգային երգ երգել` մարտահրավեր նետելով Գերմանիայի պատվիրակ Լևինային։
«Եվրատեսիլի Գերմանիայի ներկայացուցիչ Լևինան միացել է նախաձեռնությանն ու կատարել Կոմիտասի «Կաքավիկ» ստեղծագործությունը: Հրաշալի է ստացվել, վայելեք»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է Արծվիկը և ներկայացրել Լևինայի կատարումը։
«Եվրատեսիլ-2017» մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Հայաստանի ներկայացուցիչը՝ Արծվիկը, ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո:
Արծվիկի նախաձեռնության նպատակն է ցույց տալ, որ բազմազանությունը կարող է միավորել բոլորին: