ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջընթաց չկա, քանի որ Հայաստանը խաղաղություն չի ուզում։ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ խաղաղության ձգտելը առաջին հերթին նշանակում է խաղաղություն քարոզել, ոչ թե պատերազմ: Նալբանդյանի մեկնաբանությունը ներկայացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Խաղաղության ջատագով կողմը չի դիմում դիվերսիոն հարձակումների, կոպտորեն չի ոտնահարում միջազգային մարդասիրական իրավունքը, մշտապես չի խախտում զինադադարի ռեժիմը և հրաժարվում ստեղծել զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ։ Միայն Բաքվում են նման կերպ ընկալում խաղաղությունը, ինչպես երևում է այնտեղից հնչող հայտարարություններից»,- ասել է Նալբանդյանը։
Ըստ նրա՝ հայտնի է, թե ինչ փորձանքներ են բերել իրենց ժողովուրդների գլխին այն ղեկավարները, ովքեր արհամարհել են միջազգային իրավունքը և ջատագով են եղել հարցերը ուժով լուծելուն։
«Իսկ համեմատությունների առումով. առաջին անգամ չէ, որ Բաքվում փայփայում են այն միտքը, թե իբր Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող մրցակից լինել, հետևաբար Հայաստանը պետք է միակողմանի զիջումների գնա։ Ադրբեջանում կարծում են, թե փողով կարող են հեղինակություն ձեռք բերել, բարեկամներ գնել, ինչ-ինչ կասկածելի բանաձևեր անցկացնել և դա ներքին լսարանին ներկայացնել որպես ձեռքբերում, հեղինակության ապացույց»,- ասել է ՀՀ արտգործնախարարը։
Ըստ նրա՝ Հայաստանը և Ադրբեջանը չեն կարող մրցակիցներ լինել ժողովրդավարության, հանդուրժողականության, մարդու իրավունքների, տնտեսական ազատությունների, մամուլի, խոսքի և այլ հիմնարար ազատությունների առումներով։
«Վերջին տարիներին մենք ականատես եղանք, թե ինչ պատահեց ոչ պակաս հարուստ և ինքնագոհ բռնատիրական ռեժիմների հետ։ Մեր պետությունների և հասարակությունների զարգացման տրամաբանությունը և ուղղվածությունը հակադարձ համեմատական են»,- եզրափակել է Նալբանդյանը։