ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Խաղն ավարտվեց Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմի նվազագույն հաղթանակով: Խաղի միակ գոլը գրանցվեց երկրորդ խաղակեսի միջնամասում:
Ինչպես հայտնում է armsport.am-ը, 70-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն կենտրոնից փոխանցում ստանալուց հետո գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ, որտեղ Զլատան Իբրահիմովիչը կրնկով շեղեց գնդակի ուղղությունը` հասցեագրելով առավել հարմար դիրքում գտնվող Խուան Մատային, որը մոտ տարածությունից գնդակն ուղարկեց ռուսական թիմի դարպասը:
Խաղի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Սերխիո Ռոմերոն մի քանի դրվագներում իրապես փրկեց իր թիմին վերահաս գոլից: Ավելացված ժամանակի 6-րդ րոպեին «Ռոստովի» ֆուտբոլիստները հաշիվը հավասարեցնելու հնարավորություն էին ստացել: Տուգանային հարվածից հետո փայլուն սեյվ կատարեց Սերխիո Ռոմերոն:
Երկու հանդիպումներում գրանցված արդյունքում հաջորդ փուլ դուրս եկան «կարմիր սատանաները»: