ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին վարչապետը հանձնարարեց շուկայում վերահսկողություն սահմանել և մեկամսյա ժամկետում վերացնել չարաշահումները։ Իսկ մինչ ուսումնասիրությունները Սուրեն Կարայանը նիստից հետո լրագրողներին պատմեց, թե ինչ խնդիրներ են արդեն բացահայտվել վառելիքի շուկայում: Նախարարի խոսքով, դիզվառելիքի որակն ընկնում է սպառման օղակում, իսկ ներմուծման պահին վառելիքի որակը համապատասխանում է որակի արտոնագրին:
«Վերահսկելու ենք և ստուգումներ ենք անելու ներսում՝ վաճառքի կետերում,- ասաց նախարարը, — ներմուծվող վառելիքի համար կան համապատասխան փաստաթղթեր, որ մենք չենք կարող կասկածի տակ դնել»:
Թե իրականում ով և ինչ նպատակով է խառնել տարբեր որակի դիզվառելիքի տեսակները, պարզ կդառնա մեկ ամսից: Իսկ մինչ այդ նախարարությունն ու ՊԵԿ-ը համատեղ ուսումնասիրություններ կիրականացնեն: