ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Ռուսաստանը շահագրգռված է տեսնել կայուն, անկախ և դինամիկ զարգացող Հայաստան, չորեքշաբթի ռուս-հայկական բանակցությունների արդյունքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է կայուն, անկախ և դինամիկ զարգացող Հայաստանով։ Մեր երկրների հարաբերությունները հիրավի կրում են բարեկամական, դաշնակցային բնույթ։ Շուտով`ապրիլի 3-ին, կնշենք մեր երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը», —ասել է Պուտինը` նշելով, որ երկուստեք ձգտում են ամրապնդել փոխշահավետ համագործակցությունը։
«Մենք աջակցում ենք ինտենսիվ քաղաքական երկխոսությանը, կառավարություններն ակտիվ փոխգործակցում են, արտաքին քաղաքական գերատեսչությունները, անվտանգության խորհուրդներն իրականացնում են կանոնավոր շփումներ, ոլորտային նախարարությունները սերտորեն համագործակցում են», — հավելել է Պուտինը։
Իր հերթին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները խորն են, ինչը համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին։
«Այսօր մենք բավական մանրամասն անդրադարձել ենք մեր երկրների միասին անցած 25-ամյա ուղուն։ Վերջին տարիներին հայ-ռուսական համագործակցությունը ձեռք է բերել նոր դինամիկա, առավել խորը բովանդակություն։ Մենք Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ փաստել ենք, որ ռազմավարական փոխգործակցության խորացման ջանքերը բխում են մեր ժողովուրդների շահերից», — ասել է Սարգսյանը։