ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik, Մարիա Շելուդյակովա. Մոսկվայում մեկնարկել են Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Սերժ Սարգսյանի բանակցությունները։
Բանակցություններին մասնակցում են նաև Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։
Հայաստանի նախագահը ողջունել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին և շնորհակալություն հայտնել Մոսկվա հրավիրելու համար։
«Շնորհակալություն եմ հայտնում հրավերի համար։ Այս տարի մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, դրանք սերտ համագործակցության տարիներ են։ Ես վստահ եմ, որ մեր հանդիպումը տեղի կունենա լիակատար փոխըմբռնման մթնոլորտում», — ասել է Սարգսյանը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին ընդգծել է, որ այս տարիներին «հարաբերությունները միայն զարգացել են և ստացել դաշնակցային բնույթ»։
«Հիմա մենք փոխգործակցում ենք գրեթե բոլոր ուղղություններով։ 25 տարվա ընթացքում տեղի են ունեցել շատ իրադարձություններ, բայց մեր հարաբերությունները միշտ կառուցվել են դարերի խորքից եկող խորը արմատների հիման վրա։ Այդպես շարունակվում է նաև զարգացման ներկա փուլում», — ասել է Պուտինը։
Պետության ղեկավարը նշել է, որ հանդիպումը տեղի է ունենում խոշոր ներքաղաքական իրադարձությունների նախապատրաստման ֆոնին։
«Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններ են անցկացվելու, դա կապված է նաև սահմանադրական բարեփոխման հետ։ Այդ գործընթացը հեշտ չէ, և մենք անկեղծորեն հաջողություն ենք մաղթում», — ընդգծել է Պուտինը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնություն է մեկնել մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով:
Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն հյուրընկալվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, որտեղ հանդիպել է ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմի հետ։