ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Ամերիկյան իշխանությունները նրան մեղադրում են Citadel վնասակար ծրագրի մշակման, կատարելագործման ու վաճառքի մեջ, որը նախատեսված է համակարգչային համակարգերի վարակման և ֆինանսական հաշվետվությունների գողացման համար։
Վարդանյանը Նորվեգիայից ԱՄՆ էր արտահանձնվել 2016 թվականի դեկտեմբերին։ Ջորջիայի դատախազությունը Վարդանյանի արտահանձնումն անվանել է նոր օրինակ առ այն, թե ինչպես կարող է տարբեր երկրների իրավապահ մարմինների միջև փոխգործակցությունն օգտագործվել գլոբալ կիբեռսինդիկատների գործունեության դադարեցման համար։
Դատախազությունը ներկայացնում է փորձագետների գնահատականները, համաձայն որոնց՝ ծրագիրը վարակել է ողջ աշխարհում մոտ 11 մլն համակարգիչ և պատճառել ավելի քան 500 մլն դոլարի վնաս։
Վարդանյանը, որն աշխատել է նորվեգական ընկերությունում և ապրել Ֆրեդրիկստադ քաղաքում, ձերբակալվել է ԱՄՆ իշխանությունների հայցով 2014 թվականի հոկտեմբերին և այդ ժամանակվանից գտնվել նախական կալանքում։
ՌԴ արտգործնախարարությունը Վարդանյանի գործը համարում է նման դեպքերի շղթայի հերթական օղակը։
«Մենք բազմիցս պարզաբանել ենք, որ այդ գործը ցույց է տալիս, թե ինչպես են ամերիկյան հատուկ ծառայությունները ողջ աշխարհում ռուսաստանցիների նկատմամբ որս իրականացնում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ըստ նրա` այդ որսը ոչ մի ընդհանուր բան չունի արդարադատության իրական շահերի հետ և լիովին անտեսում է միջազգային իրավունքի նորմերը։