ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը կոչ է արել ընտրությանը մասնակցող հոգևորականներին իրենց ձայնը տալ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: Այս մասին գրում է ermenihaber.am-ը։
«Ակոսի» գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանի հետ հարցազրույցում Մաշալյանը բացատրել է որոշումը՝ նշելով, որ իր հրաժարականի դիմումում հնչեցրած կոշտ գնահատականները հնարավոր է որոշ հոգևորականներին բարկացրած լինեն: Ըստ Մաշալյանի՝ այդ հանգամանքը կարող էր ազդել քվեարկության վրա՝ Արամ Աթեշյանին հնարավորություն տալով տեղապահ ընտրվել:
«Այդ պատճառով ասում եմ, որ տեղապահի ընտրություններում ինձ չընտրեն, այլ ինձ ընտրել ցանկացողները թող իրենց ձայները Գարեգին Բեքչյանին տան: Ժողովրդի մասին թող մտածեն: Մի քիչ էլ թող իրենց պատիվը փրկեն»:
Հաշվի առնելով անցյալի դառը փորձը՝ Մաշալյանը կասկածում է, որ Արամ Աթեշյանի տեղապահ ընտրվելու դեպքում պատրիարքի մյուս թեկնածուների համար քարոզչության հավասար պայմաններ կստեղծվեն: Ուստի, Գարեգին սրբազանը այդ պաշտոնում ավելի արդար, անկողմնակալ թեկնածու է դիտվում:
Մաշալյանը նշել է, որ տեղապահի թեկանծությունը հանելու մասին կհայտարարի մարտի 15-ին կայանալիք կրոնական ժողովում, որի ընթացքում էլ պետք է ընտրվի տեղապահը:
Հիշեցնենք, որ փետրվաի 13-ին Մաշալյանը հրաժարական էր տվել պատրիարքարանում զբաղեցրած բարձր պաշտոններից՝ որոշումը բացատրելով պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանի վարքագծով: