ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ջավախքի խնդիրները բարձրաձայնելու եւ հետագա համագործակցության եզրեր փնտրելու նպատակով ՀՅԴ ներկայացուցիչների հանդիպել են Ջավախքի հայկական հասարակական նախաձեռնությունների խորհրդի անդամների հետ։
Հանդիպմանը բարձրաձայնվել են ջավախահայությանը հուզող կրթական, սոցիալ-տնտեսական, առողջապահական, հոգեւոր, մշակութային, ինչպես նաեւ քաղաքական խնդիրներ: Հատկապես կարևորվել է Ջավախքում թուրք-ադրբեջանական ակտիվության թեման:
«Ջավախահայերի խնդիրները բազմազան են, հատկապես Սամցխե-Ջավախքում և Քվեմո Քարթլիում կան կրթական, սակայն ամենակարևոր հանգամանքը թուրք-ադրբեջանական ակտիվությունն է Վրաստանում և, մասնավորապես, վերջին շրջանում Ջավախքում: Խորհուրդը դա դիտարկում է ՀՀ անվտանգության տեսանկյունից, ինչու չէ նաև Հայաստան-Վրաստան հարաբերությունների համատեքստում: Ես կարծում եմ, դաշնակցությունը մեծ պոտենցիալ ունի, որ կարողանա իր աշխարհասփյուռ կառույցներով կանգնել է և պետք է կանգնի ջավախահայությանը հուզող բոլոր խնդիրները ժամանակին և պատշաճ ձևով լուծելու համար»,- նշեց Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը:
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նշեց, որ ՀՅԴ —ն միակ կուսակցությունն է, որի նախընտրական ծրագրում կա ջավախահայությանը աջակցելու խնդիր։ «Հարաբերությունների սերտացման պարագայում, կհեշտանա Ջավախքի հայության և ընդհանրապես վիրահայության խնդիրների մեծ մասի լուծումը: Այս հանդիպմանը մենք ներկայացրեցինք մեր պատկերացումները, իրենք հարցեր ունեին, և կարծում եմ իրենք էլ գոհ են, որ հանդիպումը տեղի ունեցավ:
Հիմնականում կրթության խնդիրներն էին, բայց, անշուշտ, կան նաև սոցիալ-տնտեսական հարցվեր, որոնք եթե ոչ, անպայման, կուսակցությունները կարող են լուծել, բայց վաղը խորհրդարանը կարող է այդ ուղղությամբ որոշ քայլեր ձեռնարկել, այսինքն` Հայաստանի հարաբերութունների սերտացումը Վրաստանի հետ կնպաստի նաև այդ խնդիրների կարգավորմանը»,-ասաց Կիրո Մանոյանը:
Մանոյանը ընդգծեց նաև, որ ՀՅԴ մոտեցումները ջավախահայության համար հոգեհարազատ են, քանի որ առաջին օրը չէ, որ իրենք զբաղվում են Ջավախքի հարցերով: