ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. «Ты супер!» նախագծի մասնակից Սաբինա Մանվելյանը՝ Վանաձոր քաղաքից, անցել է մրցույթի հաջորդ փուլ: Նրա օգտին քվեարկել են ժյուրիի երեք անդամները՝ Վիկտոր Դրոբիշը, Մարգարիտա Սուխանկինան և երգչուհի Յոլկան:
Սաբինան փայլուն կատարել է Պոտապ և Նաստյա Կամենսկիխի «Բում-բում տիկի բայ»:
«Ես ձեզ սիրում եմ, Շնորհակալություն», — ասել է Սաբինան կատարումից հետո: Հաղորդավարի հարցին, թե ինչ է զգում, աղջիկը պատասխանել է. «Սա շոկ է, սա ադրենալին է, ես ձեզ շատ եմ սիրում, շնորհակալություն այս հնարավորության համար»:
«Սաբիշկա, խելոքս, դու լիովին երաժշտության մեջ ես, դու զգում ես այդ ռիթմն, ամեն ինչ տեղում է, դու պատրաստի երգչուհի ես, գիտես, թե ինչ ես անում և ինչի մասին ես երգում, գիտես՝ ինչ ես ուզում»,- ասաց Մարգարիտա Սուխանկինան:
Սաբինային մանկուց գրավել է երգը և ռուսաց լեզուն։ Սակայն վերջին տարիներին նա որոշել է, որ երգելն իր համար առաջին տեղում է, թեև նա ցանկանում է դառնալ նաև ռուսաց լեզվի մասնագետ։ Սաբինայի երաժշտական նախապատվությունների ցուցակը մեծ է` ռեփ, ռոք, ջազ, ռուսական էստրադա։
Սաբինան ասում է, որ բոլոր նրանք, ովքեր լսել են իրեն, ասել են` դու կարող ես երգչուհի դառնալ։ Սաբինայի ուսուցիչներն ու ընկերուհիները խոստովանում են, որ նա չափազանց ակտիվ է, տեսակով առաջնորդ է և ձգտում է հաջողության հասնել բեմում։ Նրա համար ամենագլխավորը երգն է, նա մանկուց մտածում է մեծ բեմերում ելույթ ունենալու մասին։ Սաբինան երազում է հաջողության հասնելու դեպքում բարեգործական համերգներ տալ, որոնցից ստացված հասույթը կտրամադրի ծնողական խնամքից զրկված երեխաներին։
«Ты супер!» նախագիծը ՆՏՎ հեռուստաալիքի և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության համատեղ նախագիծն է, որը հնարավորություն է տալիս ծնողական խնամքից զրկված տաղանդավոր երեխաներին՝ հայտնել իրենց մասին։ Մրցույթի 92 մասնակիցները Ռուսաստանից, Աբխազիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոլդովային, Ուկրաինայից, Էստոնիայից և Հարավային Կորեայից են։
ՆՏՎ-ն Ռուսաստանի խոշորագույն ոչ պետական հեռուստաընկերություններից է, գործում է 1993թ-ի հոկտեմբերից և ընդգրկված է ռուսական հեռուստաշուկայի առաջատար հեռուստաընկերությունների եռյակում: ՆՏՎ-ն հեռարձակվում է ՌԴ գրեթե բոլոր սուբյեկտներում՝ ընդգրկելով բնակչության 99,2 տոկոսը: Ռուսալեզու հանդիսատեսի համար հեռարձակվում է Ռուսաստանի սահմաններից դուրս՝ մերձավոր արտասահմանի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում և Ավստրալիայում: ՆՏՎ-ն ունի երկու միջազգային տարբերակ՝ ՆՏՎ աշխարհ և ՆՏՎ Ամերիկա: