ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Մարտի 10-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Շնորհավորելով Վարդան Տողանյանին բարեկամ Ռուսաստանում Հայաստանի դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ ՌԴ փոխարտգործնախարարը ՀՀ դեսպանին մաղթեց բեղմնավոր գործունեություն՝ հույս հայտնելով, որ ՀՀ դեսպանության արդյունավետ աշխատանքի շնորհիվ հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն զարգացում ապրել և ավելի ամրապնդվել:
Հանդիպմանը քննարկվեցին հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձ կատարվեց ՀՀ Նախագահի՝ ՌԴ կատարելիք առաջիկա պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին: