ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Ամերիկացի երաժիշտ, երգահան Քրիս Քորնելը ներկայացրել է իր նոր երգը, որը հնչում է հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմում։ Այս մասին հայտնում է Rolling Stone-ը։
«Ֆիլմը հուզեց ինձ, և ես իմ բոլոր կարողությունները գործադրեցի, որպեսզի գրեմ այս երգը։ Մինչ այդ ես ցեղասպանության մասին ուրիշ ֆիլմեր էլ էի դիտել»,- խոստովանել է Քորնելը։
Տեսահոլովակում նաև կադրեր են ներկայացված ֆիլմից։ «Խոստումը» նկարահանվել է Քըրք Քըրքորյանի ֆինանսական աջակցությամբ։
Քորնելը հայտնել է նաև, որ երգը հասանելի է Apple Music հավելվածի կայքում և երգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Փրկության միջազգային կոմիտեին, որը զբաղվում է հումանիտար ճգնաժամերում հայտնված մարդկանց օգնությամբ:
Ֆիլմի հիմքում սիրո պատմություն է, որի դեպքերը զարգանում են Հայոց ցեղասպանության տարիներին։
Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի ռեժիսորն է օսկարակիր Թերի Ջորջը, իսկ պրոդյուսերը Էրիկ Եսրայլյանը։ Պրեմիերան ԱՄՆ-ում կայանալու է օգոստոսի 21-ին: