ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Նախագահի մյուս հրամանագրով ՌԴ-ում ՀՀ դեսպան է նշանակվել Վարդան Տողանյանը։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ Վարդան Տողանյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հաաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մոսկվա)»,– նշված է նախագահի հրամանագրում:
Վարդան Տողանյանը ծնվել է 1967 թվականի դեկտեմբերի 8-ին Երևանում:
1974-1984թթ.-ին սովորել է Երևանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոցում: 1984-1991թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում պատմության ֆակուլտետում:
1986-1988թթ.-ին՝ համալսարանում ուսանելու ընթացքում, ծառայել է Խորհրդային բանակում:
1988-1990թթ.-ին Հայկական ուսանողական միության հիմնադիրներից մեկն էր:
1996-1997թթ. Երևանի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1988-2001թթ. Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ազգային ակադեմիայի սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտում ստացել է քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան։
1995թ. հոկտեմբերից մինչև 1996թ. ապրիլ ընկած ժամանակահատվածում որպես փորձնակ աշխատել է Ճապոնիայի Օսակա միջազգային ինստիտուտի միջազգային հետազոտությունների կենտրոնում:
2000թ. հուլիսից մինչև օգոստոս Նոր առաջնորդության ծրագրի շրջանակներում փորձնակություն է անցել Հարվարդի համալսարանում (Քեմբրիջ, ԱՄՆ)։
1991-1992թթ.-ներին Վարդան Տողանյանն աշխատել է պատմության ուսուցիչ` Երևանի թիվ 33 դպրոցում:
1992-1994թթ.-ին եղել է Մոսկվայում Հայաստանի Հանրապետության(այսուհետ՝ ՀՀ) մշտական ներկայացուցչության գլխավոր մասնագետ:
1994-1995թթ.-ին եղել է Մոսկվայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար:
1996-1997թթ.-ին աշխատել է ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների վարչությունում՝ որպես առաջին քարտուղար:
1997-1998թթ.-ին եղել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար, իսկ 1998-2000թթ՝ դեսպանության խորհրդական:
2001թ. մինչ օրս հանդիսանում է «Եվրասիական մեդիա խումբ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ:
2012թ. ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում հանդիսացել է «Սվերդլովսկի կինոստուդիա» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ:
2012-2015թթ. եղել է «Բորիսոգլեբսկի օսլայի գործարան» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ:
2013թ. ապրիլից մինչև 2015թ. օգոստոս եղել է «Կինոտեխնիկա» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ:
2013թ. ապրիլից մինչև 2015թ. մայիս եղել է «ՍՈՅՈՒԶԿՆԻԳԱ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ:
2013թ. ապրիլից մինչև 2016թ. մայիս հանդիսացել է «Թղթի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ:
2016թ. ապրիլից մինչ օրս «Ռուսական թերթեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ է: Անդամակցում է Անկախ տնօրենների ասոցիացիային:
Վարդան Տողանյանը ամուսնացած է, ունի 4 երեխա։