ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. ՈՒՀԱ-ի աստղ, կատակերգու Միխայիլ Գալուստյանն իր գործընկեր Ալեքսանդր Ռևայի հետ հումորի երեկո էր կազմակերպել Մոսկվայի ոստիկանության աշխատակցուհիների համար։ Որպես երախտագիտություն` բոլոր հերթապահ ստորաբաժանումներից նա հմայիլ է ստացել։
«Մենք առաջին անգամ ենք ելույթ ունենում Պետրովկա 38-ում», — նշել են դերասանները։ Ստեղծագործական հանդիպմանն անշլագ էր։ Անկախ նրանից, որ հումորային մոտեցումը հատուկ չէ ոստիկանության աշխատանքին, հայտնի դերասանները հեշտությամբ լեզու գտան ուսադիրներով հանդիսատեսի հետ, հայտնում է Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունը։
Շոումենների ելույթն իսկական նվեր էր ոստիկանական բոլոր ծառայությունների և ստորաբաժանումների կանանց, աշխատակիցների կանանց և մայրերի, վետերան-կանանց, ինչպես նաև ՆԳՆ զոհված աշխատակիցների ընտանիքի անդամների համար։
Ուսադիր կրող կանայք ուրախությամբ համաձայնում էին մասնակցել անծանոթ համարներին։ Ոստիկանության աշխատակցուհիները ստիպված էին հանպատրաստից կրկնօրինակել մուլտֆիլմեր, մասնակցել ձեռնածությունների անցկացմանը և նույնիսկ բեմում պարել հայտնի մարդկանց հետ։
Ոստիկանները պարտք չմնացին։ Հանդիպման ավարտին մայրաքաղաքի ոստիկանության ղեկավարության կողմից Գլխավոր վարչության պետի տեղակալի ժամանակավոր հանձնակատար ներքին ծառայության գնդապետ Սերգեյ Պոպովը Ալեքսանդր Ռևային հանձնել է Գլխավոր վարչության պետի շնորհակալագիրը, իսկ Միխայիլ Գալուստյանին հմայիլ` բոլոր հերթապահ ստորաբաժանումներից։