ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիա կատարելիք այցի օրը` մարտի 14-ին, տեղի հայ համայնքը բողոքի ցույց կկազմակերպի: Այս մասին հաղորդում է artsakhpress.am-ը՝ հղում անելով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին:
«Ալիևը հանդիպելու է Ֆրանսիայի նախագահի հետ: Մենք ցույց ենք անցկացնելու, որ դատապարտենք նրա այցելությունը Ֆրանսիա, դատապարտենք Ալիևի ռեժիմը, Ադրբեջանին զինելու գործընթացը, իհարկե նաև զորավիգ լինենք Արցախին, արցախցիների ինքնորոշման հարցին»,-ասաց Մուրադ Փափազյանը:
Նրա խոսքով՝ ամեն ինչ արվում է տեղի լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրելու համար` իրականացնելով համապատասխան քարոզչություն:
«Պետք է այնպես անենք, որ մամուլը անդրադառնա մեր նախաձեռնությանը: Ցույցն արվելու է այն վայրում, որտեղ միշտ մեծ թվով մարդիկ են լինում, այդ թվում՝ զբոսաշրջիկներ: Ակնկալվում է մեծ թվով անձանց մասնակցություն»,-ասել է Մուրադ Փափազյանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիա կմեկնի երկօրյա այցով: