ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 3 ժամկետային զինծառայողի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները:
Նախնական տվյալներով՝ 2017թ. փետրվարի 28-ին, ժամը 13:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել պայթուցիկ սարքի պայթյուն, ինչի հետևանքով ինժեներական աշխատանքներ կատարող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նարեկ Գևորգի Գրիգորյանը, Պերճ Արմենի Գաբրիելյանը և Էրիկ Սամվելի Սահակյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ:
Տուժած զինծառայողներն անմիջապես տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների` ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում ժամկետային զինծառայող Նարեկ Գրիգորյանը, իսկ մյուս երկու վիրավորների` Պերճ Գաբրիելյանի ու Էրիկ Սահակյանի վիճակը գնահատվում է ծանր։
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով` անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ: Կատարվում է նախաքննություն: