ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Մարտի 2-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալներ Էմիլ Տարասյանը և Տիգրան Խաչատրյանը ընդունել են ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության պատվիրակությանը և ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում մասնագիտացված ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են նաև գործարարներ Հայաստանից:
Հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել այս տարվա հունվարի 24-ին Մոսկվայում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դմիտրի Մանտուրովի հանդիպման ժամանակ, տեղեկացնում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական կայքը:
Նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշել է, որ նախարարությունը կարևորում է համագործակցությունը ռուս գործընկերների հետ և պատրաստ է իր կողմից անել հնարավորը՝ առկա ներուժը օգտագործելու համար: Նա նաև կարևորել է երկկողմանի հանդիպումների անցկացումը ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում մասնագիտացված հայկական և ռուսական ընկերությունների ներկայացուցիչների միջև:
ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ռադիոէլեկտրոնային արդյունաբերության դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Խախլովը նշել է, որ իրենք Հայաստանը դիտարկում են որպես ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում լուրջ պոտենցիալ ունեցող երկիր և, այդ իսկ պատճառով, մեծ խմբով են եկել Հայաստան` տեղում ծանոթանալու և պայմանավորվածություններ ձեռք բերելու ակնկալիքով: Ծրագիրը հագեցած է, իսկ համագործակցության հնարավորությունները՝ շատ մեծ:
Նախատեսված են եռօրյա այցով Հայաստանում գտնվող պատվիրակության ներկայացուցիչների ճանաչողական այցեր հայկական մի շարք ընկերություններ, համալսարաններ, ինչպես նաև առանձին հանդիպումներ կոնկրետ ընկերությունների հետ: