«Հրապարակ». «Ֆլեշի» հետ ուշագրավ բաներ են կատարվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս առողջապահության նախարարության Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնը լուծարել է «Ֆլեշ» ընկերության հետ կնքած վառելիքի մատակարարման պայմանագիրը՝ նշելով, որ պետք է հոկտեմբերին մատակարարեր 400 լիտր դիզվառելիք, սակայն չի կատարել:
Պայմանագիրը լուծարելու որոշումն ուշագրավ է, քանի որ այն կարող է պատճառ դառնալ, որ այդ ընկերությունն այլևս չմասնակցի գնումների մրցույթին։ Հետաքրքիր է՝ «Ֆլեշ» ընկերությունը պետական մարմիններից քանիսի դժգոհությունն է առաջացրել՝ նախագահի ընկերոջ ընկերությունն անփոխարինելի առաջատար է վառելիքի մատակարարման հարցում։
Մենք մեկ շաբաթ է՝ փորձում ենք մեկնաբանություն ստանալ «Ֆլեշ» ՍՊԸ-ից, սակայն նախ ասացին, որ տնօրենը երկրում չէ՝ ուշ զանգենք, իսկ օրեր անց տրամադրված հեռախոսահամարը, որը պատկանում էր փոխտնօրենին, այդպես էլ չպատասխանեց»:
«Ժողովուրդ». «Ավշարի Արայիկը» զավեշտալի վիճակում է հայտնվել. նա նաև ստախոս է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, մեղմ ասած, զավեշտալի վիճակում է հայտնվել: Նախորդ շաբաթ Մասիսում ծեծկռտուք էր տեղի ունեցել իր և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանի կողմնակիցների միջև:
Սա այն բանից հետո, երբ ՀՀԿ ցուցակով առաջադրված երկու թեկնածուները չէին կարողացել «իրար մեջ բաժանել» Արարատի մարզը, և Գրիգորյանը նախընտրական շտաբ էր բացել Մասիսում՝ մի քաղաք, որտեղ նախատեսված էր, որ ՀՀԿ-ի օգտին պետք է աշխատի Մուրադյանը, ավելին՝ շտաբը բացել էին հենց կուսակից ընկերոջ շտաբի կողքին: Մուրադյանի կողմնակիցներն էլ ծեծի էին ենթարկել Գրիգորյանի շտաբի անդամներին: Այդ միջադեպը հաստատել էր Մուրադյանը, այդ մասին խոսել էին ՀՀԿ-ական տարբեր պատգամավորներ, անգամ Սերժ Սարգսյանն էր դրանից հետո ՀՀԿ-ում ռեյտինգային թեկնածուներին հանդիպման հրավիրել ու կարգադրել զերծ մնալ բախումներից:
Սակայն Արայիկ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ասել է. «Միջադեպի մասին ես արդեն ասել եմ՝ ոչ մի միջադեպ չի եղել»: Այսինքն` Գրիգորյանը նաև ստախոս է»:
«Հայկական ժամանակ». Սուրիկ Խաչատրյանի եղբորը պաշտոնա՞նկ կանեն
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սասուն Խաչատրյանի, գործերն այնքան էլ լավ չեն: Մեզ հայտնի դարձավ, որ Սասուն Խաչատրյանի՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների նախարարության «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն նշանակվելուց հետո ինչ‐ինչ խնդիրներ են առաջացել:
Բանն այն է, որ նրա կարգավիճակը փոխվել է: Սասուն Խաչատրյանը տնօրենից դարձել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ նախարարությունն այժմ մրցույթ է հայտարարել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնի համար:
2017 թվականի հունվարի 10‐ին գրել էինք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը` Սասուն Խաչատրյանը, նշանակվել է Երևանի ՋԷԿ‐ի տնօրեն: Մեր այս տեղեկությունը հաստատել էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից, նշելով որ նորանշանակ տնօրենն իր լիազորությունները պաշտոնապես կստանձնի հաջորդ շաբաթվա սկզբին:
Նշենք, որ օրերս էլ կայքերից մեկը գրել էր, թե Սուրիկ Խաչատրյանի երկու որդիներն արտագաղթել են Ռուսաստան։ Սուրիկ Խաչատրյանի հեռախոսն այսօր ողջ օրն անջատված էր»:
«Ժամանակ». Գառնիկիչի զոհը. Աղվան Հովսեփյանը շարունակում է սպառնալ. ուզում է հետ բերել ունեցածը
«Ժամանակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը Ապարանում ռեյտինգայինով առաջադրված ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանին շարունակում է սպառնալ, իսկ նրան սատարողներին սպառնում է քրեական գործերով:
Ապարանում քվեներ հավաքելու շատ մեծ հնարավորություն ունի ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը: Նա տարիներ առաջ Ապարանի քաղաքապետ է եղել, շատ սիրված է, որի արդյունքում Լյովա Խաչատրյանի շանսերը նվազել են: Գառնիկիչն էլ անհամբեր վերջինիս պարտությանն է սպասում, որպեսզի հետ բերի իր ունեցածը:
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանն ու Լյովա Խաչատրյանը չմարված գումարային խնդիր ունեն: Խաչատրյանը տարիներ առաջ Աղվան Հովսեփյանից մեծ գումար է պարտքով վերցրել ու մինչ օրս չի վերադարձրել»: