ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Ուսադիրներով տիկին» —2017» ռազմահայրենասիրական մրցույթի մրցումները կանցնեն երեք փուլով, վեց անվանակարգում, որոնց կմասնակցի ավելի քան 50 կուրսանտ Գյումրիի և Երևանի զինվորական կայազորների կին զինծառայողների թվից:
Մրցույթի առաջին փուլում, որն անցկացվում է «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում, «պրոֆեսիոնալ արվեստ» անվանակարգում աղջիկները պետք է անցնեն խոչընդոտների գոտին՝ մարտավարական, կրակային, ֆիզիկական, ինժեներական, բժշկական, շարային պատրաստության, ճառագայթումային, քիմիական, կենսաբանական պաշտպանության, կապի արդի միջոցներով աշխատանքի և դաշտային պայմաններում երկու կերակրատեսակի պատրաստման նորմատիվների կատարմամբ:
Երկրորդ փուլում նրանք առաջադրանքներ կկատարեն երկու անվանակարգում` «այցետոմս» և «ասմունք»: Աղջիկները պետք է ներկայացնեն իրենց և ցուցադրեն ստեղծագործական ունակությունները հռչակավոր դերասանների և դերասանուհիների նմանակնումների միջոցով:
Եզրափակիչ փուլը տեղի կունենա Մարտի 8-ի տոնակատարության օրը՝ կայազորի սպայի տան ակումբում: Եզրափակիչ փուլում կուրսանտներից ընտրված 8 մասնակիցները կցուցադրեն իրենց խոհարարական վարպետությունը, խորագիտությունը և հանդես կգան երեկոյան զգեստներով: Հաղթողները կպարգևատրվեն տիտղոսավոր մրցանակներով և թանկարժեք նվերներով:
«Ուսադիրներով տիկին» մրցույթն անցկացվում է երրորդ անգամ: