ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik, Դավիթ Գալստյան. Բազմաթիրախային ՄիԳ-35 կործանիչները կարող են փոխարինել Էրեբունի օդանավակայանի ռուսական ավիաբազայի ՄիԳ-29 կործանիչներին, Sputnik Արմենիային ասաց ավիաբազայի հրամանատար Ալեքսանդր Պետրովը:
Նրա խոսքով՝ ավիացիան զարգանում է, Ռուսաստանի ռազմաօդային ուժերը համալրվում են նոր ավիացիոն տեխնիկայով, հիմնականում, Սու-30 ինքնաթիռներով:
«Վերջերս ցուցադրեցին ՄիԳ-35 ինքնաթիռի փորձնական նախագիծը: Չեմ թաքցնի, որ որոշ ժամանակ անց՝ մի քանի տարի հետո, ավիաբազան կարող է համալրվել ՄիԳ-35 ինքնաթիռներով, որոնք շուտով կարտադրվեն Ռուսաստանի Դաշնությունում»,- ասաց Պետրովը:
Միաժամանակ, նա նշեց, որ այժմ ավիաբազայում առկա ՄիԳ-29 ինքնաթիռները Մի-24 և Մի-8 ուղղաթիռների հետ միասին լիովին պատրաստ են իրենց առջև դրված առաջադրանքները կատարելուն:
ՄիԳ-35-ը 4++ սերնդի բազմաթիրախային կործանիչ է, որն իրենից ներկայացնում է ՄիԳ-29Կ/ԿՈՒԲ և ՄիԳ-29Մ/Մ2 մարտական ինքնաթիռների զարգացած տարբերակը՝ մարտական արդյունավետության, ունիվերսալության և շահագործման բնութագրերի բարելավման տեսանկյունից: Բաց աղբյուրների տվյալներով՝ ՄիԳ-35-ը կարող է տեղափոխել մինչև 7 տոննա մարտական բեռ և զարգացնել ժամում ավելի քան 2700 կմ արագություն: Ինքնաթիռի մարտական շառավիղը կազմում է 1000 կմ, գործնական բարձրակետը՝ 17 500 մետր: