ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Յուրաքանչյուր հայ ֆուտբոլիստ, անկախ տարիքից, միշտ էլ ֆուտբոլային գործիչների ուշադրության կենտրոնում է, ու գալիս է ժամանակը, երբ արտասահմանում մարզվող ու հանդես եկող մեր խաղացողները հրավեր են ստանում պատմական հայրենիքից:
Չի բացառվում, որ մի քանի տարի անց մեր մինչև 17 տարեկանների հավաքականում տեսնենք մի ֆուտբոլիստի, որն իր արմատները չմոռանալով՝ մարզվում է հեռավոր Կանադայում:
Վահան Սարգսյանը ծնվել է Հայաստանում՝ 2003 թվականին: Ընտանիքը Կանադա է տեղափոխվել 2006-ին երբ Վահանը 2,5 տարեկան էր:
Հինգ տարեկանից հոր՝ Արամ Սարգսյանի, ցանկությամբ սկսել է մարզվել ֆուտբոլով: 2011 թվականին հայ պատանի ֆուտբոլիստը հրավեր է ստանում հանդես գալու Dixie soccer Club-ում և խաղում էր պատանեկան առաջին լիգայում: Իսկ 2015 թվականինս 12 ամյա Վահան Սարգսյանն արդեն հանդես էր գալիս պատանեկան բարձրագույն լիգայում՝ North Mississauga Soccer Club-ի կազմում:
Վահան Սարգսյանը աջ կամ ձախ եզրային հարձակվող է՝ միշտ նպատակաուղղված դեպի մրցակցի դարպասը: Տեխնիկապես շատ լավ պատրաստված է և մարզիչների կարծիքով՝ իր տարիքին ոչ բնորոշ ֆուտբոլ է ցուցադրում: Իզուր չէ, որ մարզիչները հայ պատանի ֆուտբոլիստի թեկանծությունն առաջադրել են իր տարիքային խմբում Կանադայի Օնտարիո նահանգի հավաքականի կազմում հանդես գալու համար։
Մեզ հետ զրույցում Վահանի հայրը՝ Արամ Սարգսյանը, նշեց.«Ես ֆուտբոլ շատ եմ սիրում և տղայիս մոտ էլ այդ զգացումը կա մանկուց: Կանադայում, հուսով եմ, նա կկարողնա հասնել մեծ հաջողությունների: Համենայնդեպս, տղաս ուզում է դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ ու երազում է խաղալ հայտնի ակումբներից մեկում: Ես շատ եմ ուզում որ որդիս հասնի իր նպատակին, դառնա լավ ֆուտբոլիստ և, իհարկե, լավ մարդ»:
Պատանի Վահանն էլ նշեց, որ ունի երազանք.«Ես ամեն ինչ կանեմ մեծ հաջողությունների հասնելու համար: Իսկ երազանքս Հայաստանի կամ էլ Կանադայի հավաքականի կազմում խաղալն է: Ինչպես կստացվի կամ երբ՝ չգիտեմ: Իմ կուռքը գերմանացաի Մարկո Ռոյսն է, բայց շատ եմ ուզում նմանվել Հենրիխ Մխիթարյանին ու աշխարհով մեկ ներկայացնել մայր հայրենիքը»: