ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ներկայացնում գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից արևելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձի մասին վկայող երկու տեսագրություն: Առաջին տեսանյութում երևում է Ակնայի ուղղությամբ հակառակորդի կողմից ականազերծման «ՏՐՈՊԱ» տիպի տեխնիկայի կիրառումը, հակառակորդի կողմից կիրառված նռնականետերի և խոշոր տրամաչափի այլ զինատեսակների պայթյունը, հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի նահանջը:
Երկրորդ տեսանյութում ներկայացված է Մարտունու ուղղությամբ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման և հայկական ուժերի կողմից դրանց վնասազերծման գործողությունը, հակառակորդի կրած կորուստները (5 դիակ): Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալների՝ զոհվածների թվում են Ադրբեջանի ԶՈւ 181-րդ բրիգադի հետախուզության պետ, մայոր Աբդուլաևը, բրիգադի հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Աշիմլի Շախլարը, հետախույզ Ադըհուսեյնովը ու ևս երկու զինծառայող, որից մեկը՝ սակրավոր:
Բացի տեսագրություններից ներկայացնում են նաև հակառակորդի ճամբարում այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի հետևյալ ձայնագրությունը:
Այս ամենը մեկ անգամ ևս փաստում է, որ այսօր առավոտյան Ադրբեջանի կողմից՝ արցախյան զինուժի հարձակման մասին տարածված տեղեկությունը ոչ այլ ինչ է, քան սեփական հերթական ձախողումը պարտակելու անհաջող փորձ: