ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Փետրվարի 24-ին, ժամը 14:22-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու 3-րդ դահուկային ուղու 3-րդ ոլորանից երիտասարդ դահուկորդը թեքվել է անհայտ ուղղությամբ և մոլորվել։ Ըստ ահազանգի` անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կորած քաղաքացին 2001 թ. ծնված Կ. Չ.-ն է (ՌԴ քաղաքացի): Ժամը 15:43-ին ահազանգ է ստացվել, որ մեկ այլ քաղաքացի հանդիպել է կորած ՌԴ քաղաքացուն և հայտնել, որ նրանք գտնվում են ճոպանուղու վերջին կայարանի մոտակայքում գտնվող ձորում:
Ժամը 16:12-ին ճոպանուղու անվտանգության աշխատակիցները Թեղենիս լեռան լանջին հայտնաբերել են 2002 թ. ծնված Կ. Չ.-ին (ՌԴ քաղաքացի) և Գ. Ա.-ին, որոնց տեղափոխել են անվտանգ տարածք: